Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Կարենիս

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՐԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Համայնքի ներկայիս անվանումը - Կարենիս
Համայնքի պատմական անվանումները - Կարենավանք, Կարենիստ, Կարենիս
Համայնքի հիմնադրման ժամանակաշրջանը - 20-րդ դար
Որ համայնքներին է սահմանակից համայնքը - Չարենցավան, Ալափարս, Ֆանտան, Նուռնուս, Արզական
Համայնքի մակերեսը - 892 հա
Հեռավորությունը մայրաքաղաքից - 32 կմ
Բնակչության թիվը - 935
Բնակչության կազմը - հայեր, եզդիներ
Օգտակար հանածոներ - պեռլիտ
Կրթական հաստատություններ - միջնակարգ դպրոց
Մշակութային հաստատություններ - մշակույթի տուն
Մարզական հաստատություններ - չկա
Արտադրական ձեռնարկություններ - ավազահանքեր
Բնակչության հիմնական զբաղմունքը - անասնապահություն և գյուղատնտեսություն
Հայտնի մարդիկ - Մաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուբիկ Ավետիսի Ավետիսյան
Հոգևոր կառույցներ - <<Սուրբ Մաթևոս և Անդրեաս Առաքյալների վանական համալիր>> (5-րդ դար) և <<Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի>> (5-րդ դար)
Պատմամշակութային հուշարձաններ - Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հուշարձան
Համայնքի մասին գրքի առկայություն - չկա


ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Կարենիս (նախկինում` Գյումուշ) գյուղ։
Կարենիս գյուղը, ըստ հնուց եկած ժողովրդական` բերնե-բերան փոխանցված պատմության, հիմնել է Կարեն անունով իշխանը, որը մի բարձրավանդակի վրա կառուցել է իր կացարանը` <<Կարենի բերդը>>, և որի շուրջը հետագայում տարածվել է գյուղը։ Մինչև հիմա ժողովրդի մեջ տարածված է այդ տեղամասը` <<Բերդի գլուխ>> անունով։
Գյուղի հիմնադրման ստույգ տարեթիվը հայտնի չէ, սակայն Կարենիսի դարերի խորքից գալը վկայում է V դարին պատկանող <<Սուրբ Մարիամ Աստվածածին>> միանավ բազիլիկ եկեղեցին, որը գտնվում է գյուղի մեջ` ձորի բերանին։ Երկրաշարժերի հետևանքով ծածկը քանդվել է, բայց պատերը կանգուն են, իսկ պոկված քարերն ու խաչքարերը գտնվում են եկեղեցու տարածքում։
Գյուղը իր ամբողջ պատմության ընթացքում ժամանակ առ ժամանակ բնակեցվել է քրիստոնյաներով և մուսուլմաններով։ Այդ են վկայում եկեղեցու շուրջը հայտնաբերված գերեզմանները և անվանումները,(օրինակ Գյումուշ, որը թուրքերենից թարգմանաբար նշանակում է արծաթ)։ Գյուղը վերջնականապես բնակեցվել է 1917-1920թթ.-ին։ Համայնքի բնակչության հիմնական մասը գաղթականներ են` արմատներով մշեցիներ։
Գյուղի տարածքում է գտնվում նաև V դարին պատկանող <<Սուրբ Մաթևոս և Անդրեաս Առաքյալների>> վանական համալիրը։ Ամբողջ համալիրը փողկապվածության մեջ է գտնվում միմյանց և բնության հետ։ Վանքի մեջ, խորանի տակ, կա մի խոռոչ, ուր ժամանակին պահվել են սուրբ մասունքներ`Մաթևոս առաքյալի աջը և Անդրիաս Առաքյալի գլուխը։ Պահարանը, որտեղ պահվել են մասունքները, կամարաձև է, արծաթապատ, մի երեսը ոսկեզօծ` Անդրեաս և Մաթևոս Առաքյալների պատկերներով, եզերքը մանր թանկարժեք քարերով պատած, այժմ պահվում է Սուրբ Էջմիածնի թանգարանում N 33 ցուցանակի տակ։
Համալիրը ուսումնասիրվել է 1975 թվականին և դրվել է ցուցանակ` /Պաշտպանվում է պետության կողմից/ և մոռացության մատնվել։ Իր ճարտարապետական եզակիությամբ և պատմական մեծ արժեք ունեցող այս կառույցը ավիրվում է։ Համայնքը իր ուժերով կատարել է որոշակի աշխատանք, սակայն վերականգնման և ամրացնելու համար կառույցը պետական աջակցության և մասնագիտական մոտեցման կարիք ունի։ 2001թ.-ից ամեն տարվա սեպտեմբերի վերջին կիրակի օրը Կարենիս համայնքը նշում է Առաքյալների ուխտը <<Մաթևոս և Անդրեաս Առաքյալների>> եկեղեցու բակում։ Ամբողջ գյուղը մասնակցում է մատաղի արարողությանը, դհոլ-զուռնան, երգն ու պարը թնդացնում են ամբողջ ձորը։
Գյուղում առկա եկեղեցիների, բազմաթիվ խաչքարերի, հեթանոսական ժամանակաշրջանների արձանների և սառնորակ և քաղցրահամ աղբյուրների շնորհիվ կարելի է համայնքում զարգացնել զբոսաշրջությունը։
Գյուղը ունի միջնակարգ դպրոց, որի ուսուցչական կազմը հիմնականում տեղացիներ են։ Դպրոցը տվել է բազմաթիվ շրջանավարտներ, որոնցից շատերը ավարտել են բարձրագույն ուսումնական հաստատություններ։
Կարենիս գյուղը գտնվում է Հրազդան գետի ձախ ափին` ձորի եզրին, ծովի մակերևույթից 1350-1400մ բարձրության վրա և այդ բարձրունքից կարծես հսկում է գետի անխռով և միալար հոսքին։
Գյուղի կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը` զով։ Հաճախակի են չորային, երաշտի և ցրտահարության տարիները, որից շատ է տուժվում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացին։ Գյուղի տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 15-17 0C, ամենաբարձրը` 31-33 0C, ամենացածրը` 20-25 0C։
Գյուղը գտնվում է մարզկենտրոնից 25 կմ հեռավորության վրա։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-07-24 13:54:42